2010 թվականի աշնանային զորակոչի նախապատրաստման եւ անցկացման դիտարկման արդյունքներն են քննարկվել մարտի 16-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկումն իրականացրել է ԱԱԽ աշխատակազմի եւ ԱՊ-ն ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը:
«Դիտարկումների արդյունքում արձանագրվել են ե´ւ բարելավումներ, ե´ւ թերություններ: Մասնավորապես` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետք է խստացնել հսկողությունը բժշկական հանձնաժողովների գործունեության նկատմամբ` վերացնելու կաշառքով կամ ծանոթ-բարեկամով բանակից ազատվելու արատավոր գործելակերպը, քննարկել զորակոչիկների բժշկական փորձաքննություն անցկացնելու մասնագիտական համալիր կենտրոնի ստեղծման հարցը, այս աշխատանքներում ներգրավել մարզային պոլիկլինիկաները եւ բուժծառայությունները: Մեր իրավապահ մարմինները եւս պետք է խստացնեն հսկողությունը զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամաբ: Նաեւ` անհրաժեշտ է բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը, խորացնել համագործակցությունը տեղական եւ կենտրոնական իշխանության մարմինների միջեւ: Այս ոլորտում մեր դիտարկումները պարբերական են լինելու, եւ հուսով եմ` մեր համատեղ աշխատանքի արդյունքում էական բարելավումներ կարձանագրվեն»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Սեյրան Օհանյանը փաստել է, որ զինված ուժերի համալրման ռազմավարության մեջ պրոֆեսիոնալ տարրի ընդլայնման հետ մեկտեղ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացումը մնում է կարեւորագույն ուղղություններից մեկը:




























