Արմավիրի մարզի Հուշակերտ դպրոցի վերանորոգման համար կհատկացվի 60 մլն դրամ, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ նոր ուսումնական տարին:
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ մարտի 16-ին ծանոթացել է դպրոցի շենքային պայմաններին, որը նախատեսվում է վերանորոգել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար հատկացված միջոցներով:
Ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցեր են քննարկվել Բաղրամյան համայնքում կայացած խորհրդակցությանը: Մարզում ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ են իրականացվում թե «ՀՄՀ-Հայաստան»-ի, թե Համաշխարհային բանկի ծրագրերով, եւ, ըստ փոխվարչապետի, դրանց ընթացքը վկայում է, որ ոռոգման նոր շրջանը հնարավոր կլինի սկսել նոր հզորություններով:
Այնուհետեւ գյուղապետերը բարձրացրել են մկնանման կրծողների դեմ պայքարի խնդիրը: Նրանք կարեւորել են նաեւ մատչելի եւ երկարատեւ վարկային միջոցների հասանելիությունը:
Ա.Գեւորգյանը վստահեցրել է, որ այս եւ գյուղատնտեսությանն առնչվող բոլոր հարցերը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:




























