Լինելով 21-րդ դարում մենք ոչնչով չենք տարբերվում մեր նախնիներից, որոնք ապրել են 19–20–րդ դարերում։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը անդրադառնալով 21–րդ դարում ռազմաարդյունաբերությանը։
Նրա խոսքով պետք է 21–րդ դարի վտանգներին եւ տեխնոլոգիաներին համապատասխան կադրեր պատրաստել։
«Կառավարոթյունը պետք է աշխատանքներ տանի եւ զարկ տա հայկական ռազմաարդյունաբերությանը պետական ծրագրերով, ինչը ցավոք ես դեռ չեմ տեսնում։ Գուցե սպասում են մեզ, տեսնեն հասարակական կազմակերպություններն ինչ են անում նոր ըստ դրա սկսել աշխատել»,– ասաց Վարդանովը։
Նրա խոսքով այսօր ունենք անկախություն, բայց շարունակում ենք ցեղասպանվածի հոգեբանությամբ ապրել։
«Ի՞նչ է մեր մոտ ստացվում, ունենք պետություն, բայց չենք կարողանում կարգավորել հարցերը։ Պետության եւ չինովնիկների գլխավոր գործառույթները կազմակերպչական գործերն են, եթե իրենք այդ կազմակերպչական գործերի մեջ զլանում են, մի գուցե իրենց փոխե՞լ է պետք»,– ասաց վարդանովը։
Խոսելով երկրում անվտանգության մասին, Վարդանովը ասաց. «Ոնց նախորդ 3 նախագահների ժամանակ ոչ մի բան չէր արվում նույնն էլ այսօր է։ Էլի նախագծերը հաստատվում են առանց շենքի տակի ապաստարանների»։
Նրա խոսքով այսօր ուսումնական հաստատություններում եւ աշխատավայրերում տարհանման աշխատանքներ չեն կատարվում, ինչը կարող է լուրջ հետուանքներ թողնել։
«Մեր բնակչությունը պատրաստ չէ պատերազմի։ Մոբիլիզացիայի պետք է մասնակցի ոչ միայն բանակը եւ արդյունաբերության մեջ ընդգրկված մարդիկ այլ բոլորը անխտիր, քանի որ եթե պատերազմական գործողություններ եղան, հրթիռը չի «հարցնելու», թե դու ով ես»,– եզրափակեց Վարդանովը։





























