Ավտոմոբիլները բյուջեի եկամտի կարեւոր աղբյուր են՝ մարտի 16-ին հանրային հեռուստատեսությամբ հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը։ Նրա խոսքով՝ պետական բյուջեն զգալի եկամուտներ է ստանում ներմուծվող մեքենաների մաքսազերծումից, իսկ տեղական բյուջեները՝ տրանսպորտային միջոցների գույքահարկից։
Նշենք, որ 2010 թ. Հայաստան է ներմուծվել 20,3 հազ. ավտոմեքենա, որոնց մաքսազերծման ընթացքում գանձվել է 23,1 մլրդ դրամ հարկեր ու տուրքեր (աղբյուր՝ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայք):
Ա. Ալավերդյանի կարծիքով՝ Հայաստանն աստիճանաբար վեր է ածվում հին մեքենաների գերեզմանոցի, քանի որ ներմուծվող մեքենաների մեջ գերակշռում են օգտագործվածները։
Նշենք, որ անձնական օգտագործման նպատակով Հայաստան ներմուծվող մեքենաները հարկվում են նույն սկզբունքով, ինչ առեւտրային նպատակներով ներմուծվածները։ Ավելացված արժեքի հարկի մասին օրենքը այս հարցը լիարժեք չի կարգավորում, ուստի կառավարության պահանջները ավտոներմուծողների նկատմամբ օրինական չեն։ Օրենքը նախ պետք է սահմանի այն չափը կամ գումարը, որը գերազանցելու դեպքում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձինք պարտավոր են ավելացված արժեքի հարկ վճարել։ Իսկ քանի որ նման չափ սահմանված չէ՝ ֆիզիկական անձինք ավելացված արժեքի հարկ պետք է վճարեն զրո տոկոսով։
Ինչ վերաբերում է մաքսազերծման կողմնորոշիչ գնին, ապա Ա. Ալավերդյանն ասաց, որ դրանք կիրառվում են ռիսկային համարվող երկրների նկատմամբ։ Այդ երկրների ցանկում են հայտնվել Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Իրանը, որոնցում, ըստ Ալավերդյանի, հնարավոր չէ պարզել ապրանքի ծագման աղբյուրը։
ՊԵԿ պետի տեղակալը հավաստիացրեց, որ ԱՄՆ-ից, Եվրոպայից կամ Ճապոնիայից ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ինվոյսային արժեքով։
Սամվել Ավագյան





























