Թերթի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կառավարման վարչության պետ Դմիտրի Ադբաշյանն անդրադարձել է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության տնօրեն Արիֆ Մամեդովի հայտարարությանը, թե «պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները»: «Մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղի մեր օդային տարածքը փակ է: «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն` նախատեսվում է այդ տարածքում վայրէջք կատարվող ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացում», շեշտել էր Մամեդովը:

Դմիտրի Ադբաշյանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամներ են եւ ունեն բազմաթիվ պարտավորություններ: Դրանցից մեկն էլ այն է, որ որեւէ երկիր իրավունք չունի քաղաքացիական ինքնաթիռներ ռմբակոծելու:

«Մինչեւ երեկ կարծում էի, որ Հայաստանի հետ Ադրբեջանն էլ է ICAO անդամ: Սակայն պարզվում է, որ Ադրբեջանը հեռու է քաղաքակիրթ պետություն կոչվելուց եւ նման հեղինակավոր կազմակերպության անդամ լինելով հանդերձ, հանդես է գալիս նման հայտարարություններով: Եթե Ադրբեջանը փորձի նման բան կատարել, ապա նախ եւ առաջ մենք կդիմենք ICAO-ին եւ կպահանջենք Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառել ու նրան զրկել կազմակերպության անդամակցությունից»,- նշել է Ադբաշյանը:

Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի մայիսի 9-ից: Այժմ օդանավակայանում ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Դմիտրի Ադբաշյանը փաստեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկայով եւ ոչնչով չի զիջելու Բաքվի օդանավակայանին: