Ավտոմոբիլային ճանապարհների բարելավման խնդիրներ կքննարկեն Երեւանում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ու Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով մարտի 17-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` այդ թվում տրանսպորտի, ճանապարահաշինարարության ոլորտներին առնչվող: Հատուկ ուշադրություն կդարձվի ավտոմոբիլային ճանապարհների բարելավման, ինչպես նաեւ բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումերի կազմակերպման հարցերին:
Հանդիպման վերջում երկու երկրների նախարարները կստորագրեն համագործակցության վերաբերյալ հուշագիր:




























