Ռուսաստանի կառավարությունը մարտի 17-ի իր նիստում կքննարկի Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ փաստաթուղթը Ռուսաստանի նախագահին ներկայացնելու հարցը, ով իր հերթին այն պետք է ներկայացնի Պետդումա՝ վավերացման նպատակով:
«Արձանագրությամբ նախատեսվում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում գտնվելու ընթացքում, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելուց, Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը»,- ասված է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։
Բազան հագեցած է С-300 զենիթահրթիռային համակարգով եւ ՄիԳ -29 կործանիչներով, այնտեղ ծառայում է շուրջ 5 հազար մարդ։
Քանի որ բազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելուց, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը պարտավորվել է հայկական կողմին զինել հատուկ զինատեսակներով, ռազմական հատուկ տեխնիակայով։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան տեղի էր ունեցել 2010 թվականի օգոստոսի19-20-ը, այցի ընթացքում ստորագրվել էր երկկողմ 5 կարեւոր փաստաթուղթ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում ատոմային նոր բլոկի կառուցման եւ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման մասին։
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան ռազմական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում։





























