«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը էպոտաժային բնույթ է կրում եւ ուղղված է բողոքավոր ընտրազանգվածի համակրանքը շահելուն։ Այսօր՝ մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նա ընդգծեց, որ այս ակցիան կարող է ազդել քաղքենի ընտրազանգվածի վրա, որն առաջնորդվում է ոչ թե տրամաբանությամբ, այլ զգացմունքներով։ Ադիբեկյանի կարծիքով, Հովհաննիսյանին համակրանք շահելու այլ տարբերակ չի մնացել, քան գնալ նմանօրինակ քայլի, քանի որ փողոցային «հարթակը» արդեն զբաղեցված է Հայ ազգային կոնգրեսի, խորհրդարանականը՝ Հանրապետականի, ՀՅԴ-ի կողմից, իսկ «Բարգավաճ Հայաստանը» նախընտրում է ընտրողների հետ անմիջական աշխատանքը։

Սոցիոլոգը միաժամանակ ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը վերջին  10 տարիների ընթացքում կայուն բարձր է մնացել։ «Նա մշտապես եղել է 10 ամենահայտնի քաղաքական գործիչների թվում»,- նկատեց Ադիբեկյանը՝ դա բացատրելով Հովհաննիսյանի կրթվածության մակարդակով, ով ավարտել է երեք բուհ եւ լավ է տիրապետում քաղտեխնոլոգիաներին։

Խոսելով ՀԱԿ-ի հայտարարությունների մասին, թե նրանք հանրահավաքներում 50 հազար մարդ են հավաքում, Ադիբեկյանը դրանք քաղաքական սպեկուլյացիա համարեց։ Նրա կարծիքով, ՀԱԿ-ի հանրահավաքներում, ամենայն հավանականությամբ, 15 հազար մարդ է հավաքվում։ Նա միաժամանակ հայաստանյան ընդդիմությանը կոչ արեց ընտրություններից առաջ համախմբվել, իսկ իշխող ուժերին՝ լսել ընդդիմությանը։ «Անհրաժեշտ է խուսափել լարվածությունից, քանի որ մի քանի տարի առաջ մենք ականատես եղանք բուռն հետընտրական գործընթացների»,- ամփոփեց Ադիբեկյանը։