ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «չհիմնավորված» եւ «ցավալի» է համարում Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 17-ին Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ իր համար ցանկալի կլիներ հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, սակայն խուսափում է, քանի որ իր այդ քայլը կարող է դառնալ «քաղաքական շահարկումների առարկա եւ սենսացիա»:
«Իսկ ես ինձ տրամաբանորեն չեմ տանի այնտեղ, որ մարդու` իր համար ազնիվ մղումները դառնան սենսացիոն խնդիրների առարկա»,-հայտարարեց Սահակյանը: Լրագրողի դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը դրական քայլ է կատարում եւ «գրավում» է Ազատության հրապարակը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ազատության հրապարակը գրավված է, մեր ժողովրդինն է, մեր հանրությանն է»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ հացադուլը արդյունավետ բողոքի ակցիա էր նախկինում` խորհրդային ժամանակներում, սակայն այսօր հացադուլով բանի չես հասնի:
«Այն ժամանակ, երբ նորանկախ Հայաստանի հիմքերն էին դրվում, հենց հացադուլ էր տեղի ունենում, ամբողջ ազգը սարսռում էր, փշաքաղվում էր, եւ ոտքի էր կանգնում` ամեն ինչ անելու, նույնիսկ ինքնազոհողությամբ, որպեսզի ունենանք ազատ Հայաստան: Այսինքն` կար նախապայման, բայց հիմա փոխվել են ժամանակները»,-հայտարարեց Սահակյանը:





























