Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով եռօրյա աշխատանքային այցով  Ռուսաստանում է, մարտի 16-ի ուշ երեկոյան Մոսկվայից մեկնել է Կազան, որտեղ նրան դիմավորել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը:

Հանդիպման ժամանակ նախագահները կքնարկեն առեւտրատնտեսական եւ մշակույթային կապերին վերաբերող հարցեր:

Մարտի 17-ի առավոտյան թուրքական պատվիրակությունը կայցելի  Կազանի դաշնային համալսարան, որից հետո նախատեսվում է հանդիպում Թաթարստանի գիտության եւ կրթության նախարար Ալբերտ Գիլմուտդինովի,  ռեկտոր Իլշատ Գաֆուրովի եւ համալսարանի  ուսանողների հետ։ Սպասվում է, որ Թուրքիայի վարչապետը ելույթ կունենա ուսանողների եւ դասախոսների առջեւ։

Հանդիպման վերջում հյուրերը կայցելեն Կազանի տեսարժան վայրեր, մասնավորապես Կուլ Շերիֆի մզկիթ:

Նշենք, որ Թուրքիայի եւ Թաթարստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2010-ին կազմել է 1,37 մլրդ դոլար: Թաթարստանի օտարերկրյա գործընկերների շարքում Թուրքիան զբաղեցնում է 5-րդ տեղը: