Հայաստան-Ադրբեջան սահմանահատվածում մարտի 15-16-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 12 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 200 կրակոց:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Բերքաբեր, Կոթի, Վազաշեն, Այգեձոր, Պառավաքար, Կայանավան, Չինարի, Սեւակավան, Երասխ եւ Խնձորուտ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:
Հակառակորդը կրակոցներ է արձակել նաեւ մանկապարտեզների, դպրոցների ու երթեւեկող ավտոմեքենաների ուղղությամբ:
Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների` ՀՀ ՊՆ ստորաբաժանումները գործել են առավել հավասարակշռված, հայկական կողմից կրակոցներ չեն արձակվել:
Ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, սահմանի հիշյալ մի քանի հատվածներում հրադադարի խախտումներ են արձանագրվել, իբր, հայկական կողմից: Հերքելով ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը` մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկ անգամ եւս հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը:
Վերջին օրերին հակառակորդն առաջնային դիրքերում իրականացնում է նաեւ ինժեներական, որոշ հատվածներում` ականապատման աշխատանքներ:





























