Թուրքիայում մարտի 17-ի առավոտյան 9 նահանգներում «Էրգենեկոն»-ի գործի հետաքննության շրջանակներում խուզարկություններ են ընթանում։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ 9 նահանգներում իրականացվող խուզարկությունների հետ մեկտեղ ձերբակալվել են մոտ 20 հոգի։
Ձերբակալվածների մեջ են հայտնվել Մալաթիա նահանգի ժանդարմերիայի գնդի նախկին հրամանատար, գնդապետ Մեհմեդ Դյուլգերը, Մերսինի նահանգային ժանդարմերիայի մի սպա եւ այլոք:
Խուզարկություններ են իրականացվում նաեւ Մալաթիայի Ինոնյուի անվան համալասարանի ռեկտորատում, ինչպես նաեւ զինվորական նշանակության օբյեկտներում:
Նշենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:





























