Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությանը, ով ՀՀ նախագահին կոչ էր արել թույլ չտալ սպանել երեխաներին:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի արձագանքը.

«Միլլի Մեջլիսի նիստում ինձ ու իմ տիկնոջը հասցեագրված Ձեր հայտարարությունն անկեղծորեն հուզեց ինձ: Հուզեց երկու պատճառով: Նախ որովհետեւ կարծում եմ, որ Դուք իրապես ազնիվ էիք ու վստահ Ձեր համոզմունքներում: Երկրորդ, որ իմ ժողովրդի մասին նորաստեղծ լեգենդներն օր օրի այնքան են խորանում ձեր երկրում, որ կարծես հավատամք են դառնում, ինչը միայն փաստերով ու առողջ բանավեճով հիմա արդեն ավելի դժվար կլինի փոխել, նույնիսկ շատ հարգարժան տիկնոջը հակառակը հավաստիացնել, չհորինված իրականությունը ցույց տալ:

Ես որոշեցի արձագանքել Ձեր հայտարարությանը, արձագանքել որպես հայ մարդ: Վստահ եմ, որ եթե Ձեզ հաջողվի խոսակցության բռնվել մեր ժողովրդին քաջածանոթ ադրբեջանցիների հետ, նրանք անկեղծության պահին Ձեզ անպայման կասեն, թե ինչպիսին է իրականում հայը: Հասկանում եմ, որ դժվար կլինի, բայց փորձե´ք, այնուամենայնիվ, լսել անկեղծ կարծիքներ: Անշուշտ, հետո պրոպագանդան բազում ուրիշ ահասարսուռ «պատմություններ» կհրամցնի Ձեզ, Ձեզ ու բոլորին, բայց, հավատացնում եմ` հոգու խորքից եկող պատմությունները մնայուն են, որովհետեւ իրական են: Դրանց պետք է ծանոթ լինել:

Այո´, մենք խնդիր ունենք լուծելու ու միասին պիտի լուծենք: Միասին: Մենք պարտավոր ենք դա անել, որպեսզի այդ բեռը չթողնենք մեր զավակներին: Բայց դա անելու համար մենք նախ պիտի կարողանանք փոխել ոչնչացման մղող հասարակական մթնոլորտը, հրաժարվել այն սնող մեխանիզմներից, մենք պիտի կարողանանք կոտրել միջավայրը, որը բռնություն է ծնում, որը հնարավոր է դարձնում բռնությունը, հանգեցնում երիտասարդ տղաների անդառնալի կորուստների, որտեղ նույնիսկ հնարավոր է մանկան կյանքը կասկածելի պատմություններով դարձնել շահարկումների առարկա` միայն թեկուզ մի ողջ ժողովրդի պիտակավորելու պարզունակ նպատակով:

Մենք նրանց բոլորի մայրերին պատասխան ունենք տալու: Միասին: Իսկ նրանց մայրերը մեզնից միայն իրենց զավակներին են ուզում:

Հարգարժա´ն տիկին,

Թեեւ իրականության հետ կապ չունի Ձեր հայտարարությունը, ես, այնուամենայնիվ, որոշեցի արձագանքել դրան: Հուսով եմ, որ Ձեր կողմից հիշատակված մանկասպանության դեպքի անաչառ քննությունից հետո Դուք կկարողանանք մեկ այլ հայտարարությամբ էլ հանդես գալ, որքան էլ դժվար լինի Ձեզ համար»:

Հիշեցնենք, որ օրերս Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան հրապարակային կոչով դիմել էր ՀՀ նախագահին եւ իր տիկնոջը` մասնավորապես ասելով. «Թույլ մի´ տվեք ձեր ժողովրդին՝ սպանել երեխաներին»: Բանն այն է, որ Ադրբեջանը օրերս հայտարարել է, որ շփման գծում հայկական կողմի կրակոցից 10-ամյա երեխա է սպանվել: Հայկական կողմը դա ապատեղեկատվություն է համարում: