Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Լիոնի քաղաքապետի տեղակալ Ժորժ Կեպենեկյանը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել է Լիոնի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ կնքած 2008–2011թթ.-ի համագործակցության ծրագրի հետագա ընթացքը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանը նշել է նաեւ այն ուղղություններն ու ոլորտները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել պոտենցիալ ներդրողների համար:

Լիոնի փոխքաղաքապետն իր հերթին նշել է, որ Երեւանի եւ Լիոնի միջեւ ձեւավորված կապը երկարամյա պատմություն ունի, ընդգծելով  նաեւ փաստը, որ Լիոնում  հայկական մեծ համայնք է գործում: Ժորժ Կեպենեկյանը Լիոնի քաղաքային իշխանության անունից  պատրաստակամություն է հայտնել շարունակել  համագործակցությունը, որը  կլինի երկարատեւ  եւ նոր շունչ կհաղորդի երկկողմ շփումներին:  Անդրադառնալով  Լիոնի կառվարման մոդելի արդյունավետությանն ու  փորձին, Ժորժ Կեպենեկյանն ասել  է, որ օպտիմալ կառավարման եւ նպատակների իրականացման համար շարժիչ ուժ է հանդիսացել մասնավոր ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը քաղաքի կառավարման աշխատանքներում:  

Ժորժ Կեպենեկյանը քաղաքապետին է ներկայացրել Լիոնի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ հաստատված համագործակցության շրջանակում իրականացվող ծրագիրը, համաձայն որի Երեւանի Էրեբունի վարչական շրջանում «Լիոնի այգու» հիմնադրման աշխատանքներ են ընթանում: Այգում հիմնական աշխատանքները մոտենում են ավարտին։ Նախնական պայմանավորվածության համաձայն, «Լիոնի այգու» բացման արարողությունը տեղի կունենա ընթացիկ տարեվերջին` Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի պաշտոնական այցի ժամանակ։

Համագործակցության ընդլայնման հեռանկարների եւ կապերի սերտացման համատեքստում կողմերը պայմանավորվել են նաեւ  երկու քաղաքների  քաղաքապետարանների կառուցվածքային ստորաբաժանումների եւ գործառույթների մասով փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել։