Մեծ Բրիտանիայում երկուշաբթի պաշտոնապես մեկնարկել է իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնների թեկնածուների նախընտրական արշավը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դրա հետ մեկտեղ, այն դե ֆակտո վաղուց էր սկսվել, քանի որ կենտրոնական թերթերի առաջին էջերը եւ փրայմ թայմ թողարկվող տեղեկատվական հեռուստածրագրերը արդեն մայիսի 20-ից լեցուն էին ինչպես պոտենցիալ թոեկնածուների հետ հարցազրույցներով, այնպես էլ նախընտրական ժամանակագրությամբ՝ կապված նրանց տարբեր հայտարարությունների եւ բրիտանական հանրության արձագանքների հետ:
Եվ չնայած տորիների առաջնորդի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին հրապարակային հայտարարել է 11 մարդ (ի սկզբանե 13 հավակնորդ էր, բայց հետագայում երկուսը ինքնաբացարկ էին հայտնել), նախընտրական մրցապայքարին մասնակցելու պաշտոնական հայտ առայժմ ոչ մեկը չի ներկայացրել: Եվ նրանք, ովքեր պատրաստ են պայքարը շարունակել, ստիպված կլինեն դա անել երկուշաբթի բրիտանական ժամանակով 10:00-ից 17:00: Այն քաղաքական գործիչները, որոնք չեն հասցնի շարքային տորի պատգամավորների խորհրդարանական 1922 կոմիտեին մինչեւ երեկոյան ժամը 17-ը հայտարարել իրենց հավակնությունների մասին, այլեւս չեն կարողանա հավակնել վարչապետության:
Հայտի ներկայացման կանոնով նախատեսվում է դրանում նվազագույնը 8 տորի խորհրդարանականի անվան առկայություն՝ բուն թեկնածուի, մեկ այլ պատգամավորի, որն առաջադրում է առաջինի թեկնածությունը, ինչպես նաեւ համակուսակից խորհրդարանականների շարքում այս գաղափարի 6 կողմնակցի: Աջակցության նման խումբ հավաքել չկարողացող քաղաքական գործիչը պարզապես չի գրանցվի պահպանողականների առաջնորդի եւ վարչապետի թեկնածու:
Ընդ որում՝ վեց մարդ,- 1922 կոմիտեի ղեկավարության 5 անդամներ եւ տորիների նախագահ Բրենդոն Լյուիսը,- զրկված են կուսակցության իրենց գործընկերների թեկնածությունն առաջադրելու իրավասությունից, սակայն իրավունք ունեն մասնակցել թեկնածուների ընտրության խորհրդարանական քվեարկությանը:
Այդպիսի առաջին քվեարկությունը տեղի կունենա հունիսի 13-ին: Համաձայն 1922 կոմիտեի կողմից վերջերս սահմանած նոր կանոնների՝ ներքին քվեարկության երկրորդ փուլ անցնելու համար, որը նախատեսված է հունիսի 18-ին, թեկնածուն առաջին փուլում պետք է ստանա Համայնքների պալատում տորիների խմբակցության պատգամավորների 5 տոկոսից ոչ պակաս աջակցությունը (17 պատգամավոր): Սակայն երրորդ փուլ անցնելու համար արդեն կպահանջվի ձայների 10 տոկոսը (33 պատգամավոր): Մինչ այս պահը գործող կանոնների համաձայն՝ յուրաքանրյուր փուլի արդյունքներով պայքարից դուրս է մնացել բարձրագույն կուսակցական պաշտոնի միայն մեկ թեկնածու, իսկ հիմա դրան հավելվել է այն, որ առաջին եւ երկրորդ փուլերում կմիանան նաեւ նշված մակարդակի աջակցություն չստացած թեկնածուները:
Թեկնածուների հետագա կրճատումը տեղի կունենա հունիսի 19-ին եւ 20-ին, որտեղ պարզապես դուրս կմնա վերջին թեկնածուն՝ առանց հաշվի առնելու մրցավազքի մյուս անդամների հավաքած ձայները:
Դրանից հետո ցուցակներում պետք է միայն երկու թեկնածու մնա, որոնց ճակատագիրը կորոշեն արդեն ոչ թե Համայնքների պալատի պատգամավորները, այլ Պահպանողական կուսակցության 160 հազար շարքային անդամները: Նրանց շրջանում անցկացված քվեարկության արդյունքները հայտնի կդառնան միայն մեկ ամիս անց՝ հուլիսի 22-ից ոչ շուտ եւ ոչ ուշ քան հուլիսի 28-ը:
Մինչ տորի առաջնորդի թեկնածուների գրանցման պաշտոնական օրը այդ պաշտոնի համար պայքար է մղում արդեն 11 մարդ՝ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման հարցերով նախարար Ռորի Ստյուարտը, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենկոկը, Աշխատանքի եւ կենսաթոշակների հարցերով նախկին նախարար Էսթեր Մաքվեյը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսը, շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը, Թագավորության ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը, ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Մարկ Հարփերը, ինպես նաեւ բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության հարցերով նախկին փոխնարար Սեմ Ջիմը:
Հաղթողի գլխավոր հավակնորդը Ջոնսոնն է, հնարավոր իրավահաջորդների եռյակում են նաեւ Գոուվը եւ Հանթը:





























