Հայ ազգային կոնգրեսի նախօրեին կայացած հանրահավաքը, որի երկրորդ կեսն անցավ Ազատության հրապարակում, մեկ անգամ եւս ապացուցեց հայաստանյան իշխանությունների հանդուրժողականությունը, ինչպես նաեւ իշխանությունների եւ ընդդիմության՝ իրավիճակը չսրելու պատրաստակամությունը։ Մարտի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ միայն ուժեղ իշխանությունը կարող է հանդուրժողականություն ցուցաբերել։ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մենք չպետք է կրկնենք նախկին սխալները»,- հիշեցրեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ իշխանությունները մշտապես պատրաստակամություն են հայտնել առանց նախապայմանների երկխոսություն սկսել ընդդիմության հետ։

Մեկնաբանելով  ընդդիմության այն հայտարարությունը, որ իր հանրահավաքներում ավելի քան 100 հազար մարդ է հավաքվում, Շարմազանովը նկատեց. «Կարծում եմ, ընդդիմությունն ուռճացնում է թվերը։ Այն մարդիկ, ովքեր մշտապես մասնակցում են նրանց հանրահավաքներին, ասում են, որ վերջիններիս թիվն անփոփոխ է մնում»։

Խոսելով Հայաստանում արտահերթ ընտրությունների հնարավորության մասին՝ Շարմազանովը հայտարարեց, որ իշխանությունները նման բան չեն նախատեսում։