Հայաստանի համար շատ կարեւոր է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 18-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ հանդիպման ժամանակ:

«Ուրախ եմ եւ հուսով, որ ԵԱՀԿ-ում Ձեր նախագահության ընթացքում անվտանգության եւ համագործակցության ապահովման  ավելի մեծ արդյունքներ կարձանագրենք»,-ասել է ՀՀ նախագահը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԵԱՀԿ գործող նախագահը շնորհակալություն է հայտնել կազմակերպության եւ նրա նախագահության հնարավորությունները բարձր գնահատելու եւ համագործակցությունը շարունակելու  պատրաստակամության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին  ԵԱՀԿ կառույցների կողմից  ցուցաբերվող աջակցությանը,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում, դրական են գնահատվել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ չպետք է կանգ առնել եւ անհրաժեշտ է այդ դրական ելակետից  շարունակել բանակցությունները: