Եգիպտոսում այսօր՝ մարտի 19-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Երկրի 80 միլիոնանոց բնակչությունից 45 մլն ընտրողները պետք է «այո» կամ «ոչ» ասեն նորացված հիմնական օրենքին, հողորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Փոփոխությունները վերաբերում են 9-ը հոդվածների: Մասնավորապես` համաձայն փոփոխությունների, երկրի ղեկավարն ընտրվում է չորս տարով եւ այդ պաշտոնում կարող է առաջադրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ: Սահմանվում է նաեւ տարիքային ցենզ. նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել 40 տարեկանից ոչ պակաս տարիք ունեցող եգիպտոսցին, ում երկու ծնողները պետք է լինեն Եգիպտոսի քաղաքացիներ:

Մինչ «հունվարի 25-ի հեղափոխությունը», նախագահական լիազորությունների ժամկետը վեց տարի էր` առանց վերընտրվելու մասին սահմանափակումների, իսկ մինչեւ 2005թ-ը նախագահի վերընտրության մասին հարցը դրվում էր համապետական հանրաքվեի, որի ժամանակ ընտրողները կարող էին հաստատել կամ մերժել միայն մեկ թեկնածություն` նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի թեկնածությունը:

Բացի այդ, փոփոխություններով առաջարկվում է վերացնել ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու մասին 179 հոդվածը:  Այն, ըստ էության, չնայած սահմանադրության մեջ ամրագրված մասնավոր կյանքի եւ սեփականության անձեռնմխելիության մասին դրույթի, հատուկ ծառայություններին եւ դատական իշխանությանը հնարավորություն էր տալիս պետության անվտանգության պաշտպանության պատրվակով ոտնձգություններ թույլ տալ:

Քվեարկության ընթացքին հետեւում է Եվրախորհրդարանի 14 պատգամավոր: