Հացադուլ անելու փոխարեն  լավ կլիներ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն օգտագործեր ԱԺ բարձր ամբիոնը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 19-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր տակտիկան ինքն է մշակում` ելնելով իրավիճակներից: Եթե իմ գործընկեր Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հացադուլ անել, դա իր գործն է: Սակայն կարող եմ ասել, որ  ինքը լավ խոսքի հնարավորություն ունի ԱԺ ամբիոնից: Իսկ թե ինչու է նման քայլի  դիմել, չեմ կարող ասել, քանի որ, իմ կարծիքով, ոչ մեկս  էլ  հստակ չգիտենք, թե  ինչ պահանջներ է նա ներկայացրել»,-նկատեց Մինասյանը:

 Ըստ նրա` եթե մարդ նման ծայրահեղ քայլի է գնում, ապա պետք է որ ծանրակշիռ պահանջներ ու պատճառներ ունենա: Այդ պատճառով Մինասյանն առաջարկեց «Ժառանգության» առաջնորդին իր հայտարարություններն անել ու ցանկությունները հայտնել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, ինչը քաղաքական պայքարի առումով ավելի արդյունավետ միջոց է: