2010 թվականին Գյումրիում գրանցվել է անչափահասների հանցագործությունների` կողոպուտի 3,գողության 2 եւ մարմանական վնասվածքների 2 դեպք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ոստիկանության Գյումրիի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանը:

Նրա խոսքով, 2011թ-ի երկու ամիսների ընթացքում արդեն գրանցվել է 16-ամյա անչափահասի կողմից ավտոմեքենայի հափշտակման փորձի 1 դեպք: Ըստ Հայկ Զաքարյանի`երեխային հանցագործության դրդող ամենահիմնական գործոնը ընտանիքում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի առկայությունն է:

«Մենք երեխաներին բացատրում ենք իրենց իրավունքները, բայց չենք նշում, որ պարտականություներ էլ ունեն»,- ասում է Հայկ Զաքարյանը` ավելացնելով, որ ծնողներն ինչպես հարկն է չեն հետեւում իրենց երեխաներին:

Իսկ գյումրեցի հոգեբան Աշոտ Հակոբյանը գտնում է, որ պատճառներից կարող են լինել ինչպես անչափահասի մոտ անցումային շրջանում ձեւավորված բարոյական եւ իրավա-քաղաքացիական առանձնահատկությունները, այնպես էլ վաղ տարիքում ստացած հոգեբանական վնասները: