ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում մտահոգություն է հայտնել Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման առիթով եւ կոչ է արել համագործակցել Վաշինգտոնի հետ ՆԱՏՕ ամրապնդման համար։

Այս մասին ասվում է Օսակայում Քսանյակի խմբի (G20) գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին հայտարարությունում, որը շաբաթ օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ (Թրամփը) մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման առիթով եւ կոչ է արել Թուրքիային աշխատել Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցության ոլորտում, որպեսզի դա հանգեցնի ՆԱՏՕ ամրապնդմանը»,- ասվում է փաստաթղթում։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաեւ «երկկողմանի առեւտուրը բարելավելու եւ Սիրիայում ընդհանուր խնդիրների կատարմանը հասնելու ցամկությունը»։

ԱՄՆ-ը ձեռնարկում է ակտիվ փորձեր՝ թույլ չտալու, որ Թուրքիան գնի Ս-400-ներ։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ եթե գնի այդ համակարգերը, ԱՄՆ-ը կարող է Թուրքիային F-35 կործանիչներ չտրամադրել։

Շաբաթ օրը Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Անկարային Ս-400-ների մատակարարման գործընթացում ձգձգումներ չկան։ Նրա խոսքով՝ Թուրքիայի համար առաջնահերթ նշանակություն ունի պայմանավորվածությունը հրթիռների համատեղ արտադրության եւ տեխնոլոգիաների փոխանցման մասին։

Առաջին տեղեկությունները ՌԴ եւ Թուրքիայի բանակցությունների մասին Ս-400-ների մատակարարման վերաբերյալ հայտնվել են 2016 թվականի նոյեմբերին։ Պայմանագրի կնքման փաստը հաստատվել է ռուսական կողմից 2017-ի սեպտեմբերի 12-ին։ Ս-400 «Տրիումֆը» մեծ եւ միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ է՝ նախատեսված ավիացիայի, թեւավոր եւ բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Ս-400-ը կարող է կիրառվել նաեւ ցամաքային օբյեկտների դեմ։