Ուրբաթ դաշնային դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելել է ռազմական ֆոնդից 2,5 մլրդ դոլարն օգտագործել Կալիֆոռնիա, Արիզոնա եւ Նյու Մեքսիկո նահանգների սահմանին պատի կառուցման համար, հայտնում է Associated Press-ը: 

Դաշնային դատավոր Հեյվուդ Ջիլիամ կրտսերը որոշումն ընդունել է 2 հայցի հիման վրա, որոնք ներկայացրել էին Կալիֆոռնիա նահանգը եւ ակտիվիստները, որոնք հայտարարել են, որ նման կերպ փողի օգտագործումն անօրինական է, եւ պատի կառուցումը կհանգեցնի բնապահպանական սպառնալիքների:

«Այն ամենը, ինչ հաջողվել է նախագահ Թրամփին կառուցել, սահմանադրական ճգնաժամն է, որը մեր նահանգին անհապաղ վնասով է սպառնում»,- հայտարարել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քսավյե Բեքերան:

Դաշնային դատավորի որոշման մասին ԱՄՆ նախագահը տեղեկացել է Օսակայում ընթացող G20-ի գագաթնաժողովում: Թրամփն այս որոշումը «խայտառակություն» է անվանել:

«Այսպիսով, մենք անմիջապես բողոքարկում ենք եւ կարծում ենք, որ կշահենք»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը: