Կիրակի ալբանացիները սկսել են քվեարկել քաղաքապետեր եւ ավագանու անդամներ ընտրելու համար իշխանության եւ ընդդիմության միջեւ աճող քաղաքական կոնֆլիկտի ֆոնին, որի հետեւանքով ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները, հաղորդում է Associated Press-ը:
Ընտրողները քվեարկում են ամբողջ երկրում 61 շրջանների քաղաքապետեր եւ ավագանու անդամներ ընտրելու համար, որոնք կզբաղեցնեն պաշտոններն առաջիկա 4 տարիների ընթացքում:
Երկրի կառավարությունը պնդել է անցկացնել ընտրությունները, սակայն ընդդիմությունը պահանջում է, որ դրանք ճանաչվեն անվավեր՝ մեղադրելով կառավարությանը կազմակերպված հանցավորության հետ առնչություն ունենալու մեջ եւ պահանջելով անցկացնել նոր ընտրություններ:
Ալբանիայի նախագահ Իլիր Մեթան համաձայն է ընդդիմության հետ եւ պնդում է չեղարկել ընտրությունները, սակայն վարչապետ Էդի Ռաման չի կիսում այդ դիրքորոշումը:
Ընտրություններին առաջադրվել է 35 թեկնածու իշխող Սոցիալիստական կուսակցությունից: Նրանց օպոնենտները չափազանց փոքրաթիվ են:





























