Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հանդիպման ժամանակ պայմանավորվել են հետագա երկխոսության մասին՝ Կորեական թերակղզու միջուկազերծման գործում նոր բեկման հասնելու համար, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ներին։

Թրամփը  ԱՄՆ առաջին գործող նախագահն է, որը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի հողի վրա կիրակի, Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի միջուկազերծ գոտում հանդիպման ժամանակ, եւ համաձայնել է վերսկսել փակուղի մտած բանակցությունները միջուկային հարցերի շուրջ։

«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են սերտ կապեր պահպանել նաեւ ապագայում, վերսկսել եւ արդյունավետ երկխոսություններ վարել նոր բեկման հասնելու համար»,- տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Հանդիպումը, որը նախաձեռնվել էր Թրամփի թվիթերյան գրառմամբ, ըստ Կիմի անսպասելի էր, թեեւ վերլուծաբանները կարծում են, որ այն չի հանգեցրել դիրքերի մերձեցման Վիետնամի փետրվարյան հանդիպման համեմատ։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հարավային Կորեա մեկնելուց առաջ տեղեկացրել էր լրագրողներին, որ բանակցությունների նոր փուլը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսին, իսկ  Հյուսիսային Կորեայի պատվիրակությունում կլինեն Հյուսիսային Կորեայի ԱԳՆ աշխատակիցները։

Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը տեղեկացրել է, որ Թրամփը եւ Կիմը զրույցի ընթացքում պարզել են «հարցեր՝ կապված Կորեական թերակղզում լարվածության թուլացման հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք դարձել են գայթաքար դրանց լուծման ճանապարհին»։

Կիմն ասել է, որ անսպասելի հանդիպումը հնարավոր է դարձել շնորհիվ իր լավ անձնական հարաբերությունների Թրամփի հետ, որոնք հետագայում եւս լավ արդյունքներ կտան, տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։

«Երկու առաջնորդների համարձակ որոշումը, որը հանգեցրել է պատմական հանդիպմանը,  աննախադեպ վստահություն է ստեղծել երկու երկրների միջեւ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։