Ազգային ժողովի պատգամավոր,  Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նախօրեին Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափ զարգացման իրենց` նախորդ տարվա հուլիսին նախանշած տեսլականը:

Մ. Հայրապետյանը Ֆ. Ֆոտիուին է ներկայացրել Ազգային ժողովում իր ղեկավարած հանձնաժողովի կողմից սփյուռքի ուղղությամբ տարվող աշխատանքները, Կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ձեւավորված Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ձեւավորման նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները:

Հանդիպման ավարտին Հայրապետյանը եւ Ֆոտիուն պայմանավորվել են շարունակել հարաբերությունների զարգացումը` հիմքում ունենալով հայ-կիպրական բարեկամությունը, պատմական, մշակութային, քաղաքական եւ այլ ընդհանրությունները: