Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 8-ին վարչապետ Փաշինյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները կլոր-սեղան ձեւաչափի շրջանակում հանդիպում-քննարկում են ունեցել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը կարեւորել է Հայաստանի վարչապետի եւ կառավարական պատվիրակության հետ հանդիպումը: Նրա խոսքով` այն լավ հնարավորություն է հայ-սինգապուրյան գործարար կապերը զարգացնելու, դրանց նոր շունչ հաղորդելու եւ համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար: Նա նշել է, որ սինգապուրցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում եւ պատրաստ են ծանոթանալ մեր երկրի ներդրումային հնարավորություններին, քննարկել համագործակցության հեռանկարները: «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ կնքվելիք ազատ առեւտրի մասին պայմանագիրը եւս գործուն հնարավորություն է բիզնես կապերի ակտիվացման համար, եւ Հայաստանը կարեւոր հարթակ կարող է լինել երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամում եւ քննարկել տնտեսական կապերի զարգացման հարցեր: «Մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով եմ` այս այցից հետո դրանք էլ ավելի կամրապնդվեն, կակտիվանա նաեւ տնտեսական համագործակցությունը: Հայաստանը գտնվում է տնտեսական փոխակերպման գործընթացում, եւ մենք շարունակական աշխատում ենք տնտեսական աճի, գործարարությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ», - նշել է ՀՀ վարչապետը: Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումներին` խոսելով հարկային եւ մաքսային ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, նաեւ դատական համակարգի բարեփոխումների մասին, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքների ստեղծմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, քաղաքական արմատական փոփոխությունները տնտեսական ցնցումներ չեն առաջացրել, բանկային համակարգը շարունակել է կայուն աշխատել, չի արձանագրվել սեփականության վերաբաշխման որեւէ դեպք, ինչը պայմանավորված էր այդ իրադարձությունների ոչ բռնի եւ խաղաղ բնույթով: Կառավարության ղեկավարը ներկայացրել է վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները` նշելով, որ դրանք շարունակական աճ են արձանագրում եւ անդրադարձել այն ոլորտներին, որտեղ համագործակցության ներուժ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, օդային հաղորդակցություն, զբոսաշրջություն, այդ թվում` էկո-, գաստրոտուրիզմ, սննդարդյունաբերություն, օդային հաղորդակցություն, ենթակառուցվածքներ եւ այլն: «Սինգապուրի զարգացման ուղին եւ կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար եւ կարող են օգտակար լինել մեր հետագա բարեփոխումների գործընթացում: Շահագրգռված ենք փորձի փոխանակմամբ եւ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժը, զարգացման միտումները, թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ համագործակցության հնարավորությունները, իսկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում առկա ներուժը եւ փոխգործակցության համար հեռանկարային ուղղությունները:
«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` մանրամասն տեղեկատվություն ներդրումային հնարավորությունների մասին ներկայացնելու համար եւ նշել, որ հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում. առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան եւ ծանոթանալ այդ հնարավորություններին: Հանդիպմանը մասնակցում էին վերամշակող արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ եւ արտահանմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացած ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր Հայաստան եւ Սինգապուր` տեղում ներդրումային եւ համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ամենամյա համաժողովը եւ հրավիրել Սինգապուրի ՏՏ ոլորտի ձեռնարկություններին` մասնակցելու բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այդ կարեւոր միջոցառմանը: «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ տեղեկատվությունը եւ հրավերը կփոխանցի Սինգապուրի համապատասխան ասոցիացիայի ղեկավարությանը:





























