Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 9-ին,  ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչեւային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) եւ Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի եւ Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարեւորել է փորձագիտական այս կազմի հետ հանդիպումը եւ եվրոպացի գործընկերների հետ քննարկել է դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտների առաջանահերթությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, ընթացակարգերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի գործիքակազմերին, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը եւ այլ հարցերի: Զրուցակիցները քննարկել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության ձեռնարկվելիք քայլերն ու հետագա անելիքները, ինչպես նաեւ մտքեր փոխանակել դատական համակարգում առկա բացերի վերացման եւ արդյունավետ լուծումների որոնման շուրջ: