Սլովակիայում անցկացվող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակում այսօր՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցավ Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մարգոտ Վալստրյոմի հանդիպումը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցերի շուրջ և վերահաստատեցին երկկողմ հանձնառությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու այն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց մարդու իրավունքների խրախուսման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և դատաիրավական բարեփոխումներին ուղղված ՀՀ քաղաքականությունը։

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները բարձր գնահատեցին մարդու իրավունքների օրակարգ ունեցող կազմակերպությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաջող զարգացող համագործակցությունը։

Շվեդ գործընկերոջ խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը, Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: