Եմենի նախագահ Ալի Սալեհը պատրաստ է պաշտոնաթող լինել մինչեւ տարեվերջ` իշխանության սահմանադրական փոխանցման շրջանակում: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ ալ Սուֆին:
Նրա խոսքով` համապատասխան ծրագրերի մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, սպայակազմի եւ ցեղերի առաջնորդների հետ նախօրեին կայացած հանդիպմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ի պատասխան` Եմենի ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան մերժել է նախագահի առաջարկը` ընդգծելով, որ առաջիկա ժամերը «որոշիչ» են լինելու:
Բանակի բարձրագույն հրամանատարակազմի եւ ցեղախմբերի առաջնորդների հետ հանդիպմանը Սալեհը զգուշացրել է, որ «իշխանությունը հեղաշրջման միջոցով զավթելու փորձերը կհանգեցնեն քաղաքացիական պատերազմի եւ Եմենի անկմանը»: Երկիրը, ըստ նրա, կբաժանվի երեք մասի` հյուսիսային, հարավային եւ կենտրոնական: Դա, ըստ նրա, այն է, ինչի ցանկանում են հասնել միասնական Եմենի հակառակորդները` շիա խռովարարներն ու Ալ Քաիդայի գրոհայինները:





























