Այն փաստը, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը չի դիմել Բաքվին՝ զինված ուժերի շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու խնդրանքով, եւ այդ առաջարկն արել է միայն հայկական կողմին, վկայում է, որ նա չի ակնկալում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումն այդ հարցում: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Միեւնույն ժամանակ Աժուբալիսը, լրջորեն անհանգստացած լինելով շփման գծի իրավիճակով, նաեւ զոհերի անշեղ աճով, փորձել է Հայաստանի օգնությամբ լուծել կուտակված խնդիրները»,- պարզաբանել է Նալբանդյանը հավելելով, որ ավելի վաղ Ադրբեջանին դիպուկահարներին հանելու խնդրանքով դիմել էին ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, սակայն Բաքուն չի լսել միջազգային հանրությանը: «Ստեղծված իրավիճակում, երբ Բաքուն ապակառուցողական եւ անզիջում քաղաքականություն է վարում, անհրաժեշտ է աշխատել հենց Ադրբեջանի, այլ ոչ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ, որոնք պատրաստ են համագործակցության»,- նշել է Նաբանդյանը:

Նշենք, որ Երեւան կատարած այցի շրջանակներում Աժուբալիսը հայկական կողմին կոչ էր արել միակողմանի հետ քաշել դիպուկահարներին: