Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 105-րդ կմ-ի հատվածում` Թեղուտ գյուղի սկզբնամասում, այսօր՝ մարտի 23-ի առավոտյան, ժամը 10:20-ի սահմաններում տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում, մոտ 25-30 մետր:
Այս մասին ահազանգն ստացել է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված տարածքը հսկվում է Դիլիջանի փրկարար ջոկատի աշխատակիցների կողմից, որպեսզի վարորդները խնդիրներ չունենան ոլորանի հատվածում:
Առաջիկա օրերին մարզային իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն միջպետական նշանակության ճանապարհը վերանորոգելու համար:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ ինքը կատարվածի մասին տեղեկացվել է եւ արդեն իր հանձնարարականով վերանորոգող մասնագետները հանդիպել են Տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնյաներին, ովքեր առաջիկա օրերին կայցելեն փլուզման վայր եւ համապատասխան գումար հատակացնելուց հետո վթարը կվերացվի: Այնուամենայնիվ, մարզպետը հստակ չնշեց, թե երբ կսկսվի եւ երբ կավարտվի աշխատանքները:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























