«Ո′չ աղանդավորականությանը» թեմայով կլոր սեղան-քննարկում է տեղի ունեցել այսօր՝ մարտի 23-ին, որին մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնը» եւ Մայր Աթոռի Երիտասարդաց Կենտրոնը:
Կլոր սեղանին հրավիրված մասնագետները ներկայացրել են Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող աղանդների գործունեության նպատակներն ու ազդեցության մեխանիզմները: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են աղանդների վերաբերյալ տեսանյութեր, որտեղ ցուցադրել են աղանդների ազդեցությամբ առաջացող հոգեկան խաթարումները, ինչպես նաեւ բաժանվել են աղանդների բնույթը լուսաբանող թռուցիկներ, ինչը երիտասարդներին հնարավորություն է տվել առավել ճշգրիտ եւ ամբողջական պատկերացում կազմել աղանդավորների գործունեության մասին:
Միջոցառման ողջ ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հարող տարածքում անցորդներին բաժանվել են թռուցիկներ` դրանով փորձելով գրավել երիտասարդության ավելի լայն զանգվածների ուշադրությունը եւ կանխարգելել նրանց` աղանդավորական շարժման հարելը:
Քննարկմանը մասնակցել են հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանը, հոգեւորական Տեր Ղեւոնդ Քահանա Մայիլյանը, բուհերի եւ երիտասարդների հոգեւոր կապի պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը:





























