ԵԱՀԿ Մինսկի խումբը նպաստել է Լեռնային Ղարաբաղի դերի նվազմանը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մկենաբանելով ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը:
Ըստ Մելիքյանի, ՄԽ գործունեությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի: Առաջինը ռազմական գործողությունների ժամանակ` 1992-94 թվականներն էին, որոնք բնորոշվեցին Արցախի ակտիվ մասնակցությամբ բանակցային գործընթացին: «Հետագայում Ղարաբաղի դերն արհեստականորեն նվազեցվեց, ինչին նպաստեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է Մելիքյանը:
Ըստ նախկին նախարարի, երկրորդ փուլը սկսվեց հրադադարից անմիջապես հետո, եւ Արցախին հետեւողականորեն դուրս մղեցին բանակցային գործընթացից: «ՄԽ հետագա ջանքերը հանգեցին նրան, որ հակամարտությունը ներկայացվի որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն: Հայաստանը, ցավոք, օգնեց, որ նման պատկերացում ձեւավորվի»,- ասել է Մելիքյանը:
Նշենք, որ 1992թ. մարտի 24-ին ստեղծվեց ղարաբաղյան կարգավորման Մինսկի խումբը: Սկզբում ղարաբաղյան բանակցություններին մասնակցում էր նաեւ ղարաբաղյան կողմը, սակայն 1998-ին, Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո, Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից:




























