«Չորրորդ ինքիշխանության» տեղեկություններով, մոտ ժամանակներս սպասվում է եւս մի պաշտոնանկություն: Ըստ այդմ`«Սամվել Ավետիսյանը հրաժեշտ կտա գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնին։ Նրա մասին հայտնի է, որ ՕԵԿ-ի «ընդդիմադիր սրացումների» փուլում լքեց կուսակցությունը, սակայն մնաց կուսակցության շնորհիվ ձեռք բերած հարմարավետ պաշտոնին։ Կարծիք կա նաեւ, որ Սամվել Ավետիսյանը ներկայումս զբաղված է գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի տեղը զբաղեցնելու գործով։ Լավատեղյակ աղբյուրներն այս առիթով հիշեցնում են, որ երկար տարիների Ավետիսյանը եւ Թարվերդյանը հաշտ ու համերաշխ փող են աշխատել այդ բուհում։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության նախարարությանը, իրազեկ աղբյուրները հավատացնում են, որ նրա ազատումից հետո գյուղատնտեսության բնագավառում դրական տեղաշարժեր անպայման կլինեն, եւ Սերգո Կարապետյանի ջանքերն ինչ-ինչ արդյունք կտան։ Որքան գիտենք, Սերգո Կարապետյանը ազատվել է եւս մեկ նման տեղակալից։ Խոսքը ՀՀԿ-ական Լեւոն Ռուխկյանի մասին է, որի հայտնվելը կոնկրետ գյուղատնտեսության նախարարությունում, երեւի, վիճակահանությամբ է կատարվել»,-գրում է «ՉԻ»-ն։