Թերթը զրուցել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամ Իշխան Խաչատրյանի հետ։ Հարցին, թե «կոալիցիայի կուսակցությունների ստորագրած հայտարարությունը ի՞նչ նշանակություն կունենա առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համար»` պատգտամավորը պատասխանել է. «Նախագահական ընտրությունների հետ այն ունի ուղղակի առնչություն։
Կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները՝ ՀՀԿ–ն, ՕԵԿ–ն ու ԲՀԿ–ն, առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ տարաբնույթ մեկնաբանություններ եղան, տարբեր հավանական սցենարներ են մինչ այժմ հրապարակ նետվում։
Սակայն մեկ բան գոնե այս պահին հստակ է, որ կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը առանձին–առանձին կմասնակցեն ընտրություններին, եւ որ ամենակարեւորն է, այդ մրցակցությունը պետք է լինի առողջ եւ քաղաքակիրթ մեթոդներով։ Եթե խոսենք հայտարարության նշանակության մասին, ապա պետք է նշենք, որ այն ժամանակի տրամաբանությունից բխող, Հայաստանին նետված ներքին եւ արտաքին մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու քայլ է։ Ես համոզված եմ, որ որքան կանխատեսելի, հրապարակային ու փոխվստահության վրա հիմնված լինի կոալիցիոն կուսակցությունների գործունեությունը, նույնքան հնարավոր կլինի իրականացնել հավակնոտ բարեփոխումներ, լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք կուտակված են մեր երկրում։ Բացի դա՝ կա մեկ հանգամանք եւս։ Ընդհանրապես քաղաքական ուժերը եւ նրանց դիրքորոշումները պետք է հասկանալի եւ ընկալելի լինեն հասարակության համար։ Չպետք է մոռանալ, որ ընտրություններում գնահատական տվողը ժողովուրդն է»։




























