Եթե Հայ առաքելական եկեղեցին ունենար սոցիալական հայեցակարգ, ապա Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը այդքան հանգիստ խղճով «Բենթլի»  ու հրազեն նվեր չէր ստանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ, religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը:

Նա նշեց, որ եկեղեցիների մեծ մասը` ուղղափառ, կաթոլիկ, բողոքական, ունեն իրենց սոցիալական հայեցակարգերը: Միչդեռ Հայ առաքելական եկեղեցին, ունենալով 1700-ամյա ավանդույթներ, չունի նման  հայեցակարգ, որտեղ սահմանվում են այդ բոլոր արժեքային համակարգերը:

«Դրանցում նշվում է, թե ինչպիսի է, օրինակ, հարստության, աղքատության, աշխատանքի, ընտանիքի, կնոջ դերի նկատմամբ եկեղեցու դիրքորոշումները: Քանի որ այդ հայեցակարգը չկա, եկեղեցին ազատության մեջ է եւ կարող է ցանկացած ձեւով մեկնաբանել նվեր ընդունելու իր գործողությունը»,-նկատեց Դանիելյանը:

Նա նշեց, որ հայ Առաքելական եկեղեցին չի կարգավորում Եկեղեցի-պետություն, եկեղեցի-հասարակություն հարաբերությունները, ինչի հետեւանքով էլ մի շարք խնդիրներ են ի հայտ գալիս: «Եկեղեցին մի տոտալիտար համակարգ է, որը ոչ ոքի հաշվետու չէ, եւ ոչ ոք իրավունք չունի պահանջել կաթողիկոսից եւ մյուս հոգեւորականներից հաշվետվություն իրենց տնտեսական գործունեության եւ վարքուբարքի համար»,-նշեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահը:

Դանիելյանի խոսքով, Եկեղեցին այդպես էլ չի հայտարարում, թե արդյոք նման թանկարժեք` «Բենթլի» ավտոմեքենա նվեր ստանալուց հետո Կճոյանը  հարկ վճարե՞լ է պետությանը, ինչը սահմանված է համապատասխան օրենքով: «Շատ կարեւոր հարց է նաեւ, թե ինչպե՞ս է հիշատակված մեքենան մաքսազերծվել` մաքսազերծումը վճարվել է որպես նվեր տրվող մեքենա՞, թե՞ որպես հոգեւորականի ծառայողական մեքենա, որի մաքսազերծման համար գումար չի պահանջվում: Ինձ այդ երկու հարցերը անչափ հուզում են»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը:

Նա նաեւ նշեց, որ Կճոյանը չի տարբերվում մնացած բարձրաստիճան հոգեւորականներից, ովքեր  նույնպես աչքի են ընկնում իրենց «անսովոր վարքուբարքով», պարզապես Կճոյանի շուրջ աղմուկ բարձրացավ, մյուսների մասին մամուլն առայժմ լռում է:  

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Նավասարդ արքեպիոկոպոս Կճոյանը «Բենթլի» մակնիշի թանկարժեք մեքենա է ձեռք բերել: Նա պնդում է, որ մեքենան նվիրել է իր սանիկը: Բացի այդ, Կճոյանը վարչապետից նվեր է ստացել մարտական ատրճանակ (հրազեն), որը պահում է չհրկիզվող պահարանում։