Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը չորեքշաբթի 30 օրով պաշարողական դրություն է մտցրել երկրի վեց դեպարտամենտներում։ Նման քայլի նա դիմել է բանակային պարեկի դեմ Իսաբալ դեպարտամենտի Էստոր շրջանում թմրավաճառների հարձակումից հետո, որի հետեւանքով երեք զինծառայող է զոհվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Prensa Libre-ին։

Հատուկ իրավական ռեժիմի գործողության ժամանակի համար սահմանափակումներ են մտցվում քաղաքացիների տեղաշարժի, հավաքների անցկացման եւ զենք կրելու վրա։ Իշխանության ներկայացուցիչները կարող են պարզեցված կարգով կալանավորումներ եւ հարցաքննություններ կատարել։ Երեք օրվա ընթացքում հանրապետության խորհրդարանը պետք է ծանոթանա պետության ղեկավարի որոշմանը եւ հավանություն տա դրան։

Այն շրջաններ, որտեղ, իշխանությունների տվյալներով, գործում են թմրավաճառների ավազակախմբեր, կուղարկվեն ոստիկանության եւ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ։