Դեսպանների ռոտացիոն սկզբունքը ամրագրված է օրենքով եւ գործում է. իհարկե, ժամանակին եղել են բացառություններ, որովհետեւ դրա հնարավորությունը կար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հիմա դուք ինքներդ կարող եք համոզվել, թե 2018-ից հետո քանի դեսպան է փոխվել, եւ այդ գործընթացը շարունակվում է»,-ասաց նա:

ԱԳ նախարարը կարեւոր համարեց, որ նոր ձեւաչափով, նոր մոտեցումով 7 օր շարունակ տեղի են ունեցել կարեւորագույն քննարկումներ. «Հիմնականում փակ ռեժիմով, բաց ռեժիմով, որի գագաթնակետ եղավ արդեն քննարկումները Արցախում, եւ Արցախի նախագահի, եւ Արցախի ԱԳՆ ներկայացուցիչների հետ»:

Ինչ վերաբերում է դեսպանների կողմից արտասահմանյան ներդրումներ ներգրավելուն ուղղված աշխատանքներին, Շավարշ Քոչարյանն ասաց. «Բնական է, որ ԱԳՆ-ն հետեւում եւ գնահատում է ցանկացած դիվանագետի աշխատանքը, դա բնական գործընթաց է: Ինչ  վերաբերում է տնտեսական բաղադրիչին, ապա դա շատ կարեւոր է եւ հիմա համատեղ աշխատանք է ընթանում էկոնոմիկայի նախարարության եւ ԱԳՆ-ի միջեւ, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնել տնտեսական քաղաքականության արտաքին բաղադրիչը, որի արդյունքում կարող են լինել նոր մոտեցումներ: Դա դեռ ընթացքի մեջ է, դեռ կառավարությունով պետք է անցնի, որից հետո դրա մասին կիմանաք»: