Բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը պատրաստվում է դիմել Առողջապահության եւ Գյուղատնտեսության նախարարություններին, որպեսզի հայաստանյան մաքսակետերում Ճապոնիայից եւ մի շարք այլ երկրներից ներկրվող սննդամթերքի վրա լրացուցիչ վերահսկողություն սահմանվի։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ոււմ տեղի ունեցած վթարից հետո ռադիոացիոն ալիքը, որոշ տվյալներով, հասել է Ռուսաստան, Չինաստան եւ ԱՄՆ, հետեւապես պետք է քայլեր ձեռնարկել այդ երկրներից Հայաստան ներմուծվող սննդի որակի վերահսկման ուղղությամբ։

Որոշ քաղաքացիներ զանգահարում են ինձ եւ այս առումով անհանգստություն հայտնում։ Մարդիկ չգիտեն՝ վերահսկելի՞ է ներկրվող սննդամթերքի որակը մեր երկրում։ Իմ կարծիքով, սահմաններին պետք է ստուգվեն վտանգավոր երկրներից Հայաստան մուտք գործող բոլոր ապրանքատեսակները՝ սկսած սնունդից, վերջացրած տեխնիկայով»,- ասաց բնապահպանը։

Մասնագետներն անհանգստացած են, որ «ճապոնական» ռադիացիան տարածվում է ամբողջ աշխարհում։ Մասնավորապես, «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո մասնագետները Հարավային Կորեայում ռադիացիոն հետքեր են հայտնաբերել։ Կորեացի գինականները նշել են, որ ռադիոակտիվ մասնիկները սկզբում շարժվել են Կամչատկայի ուղղությամբ, իսկ այնտեղից Արկտիկայով եւ Սիբիրով հասել Կորեական թերակղզի, Չինաստան եւ ասիական մի շարք այլ երկրներ։ Ռադիացիայի տարածման մեկ այլ ուղղություն է Խաղաղ օվկիանոսը եւ Հյուսիսային Ամերիկայի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը։