Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի եւ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջեւ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Արտգործնախարարներն ընդգծեցին, որ այս եռակողմ հանդիպումը եւս մեկ լավ առիթ է քննարկելու օրակարգային հարցերի լայն շրջանակ եւ նախանշել Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ գործընկերության հետագա շրջանակները: Կողմերը վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ երկխոսության եւ համագործակցության շնորհիվ հասնելու պատմական ամուր կապերով միահյուսված երեք ժողովուրդների ընդհանուր նպատակների եւ նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Այս համատեքստում նախարարները նախանշեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացման եւ համագործակցության նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:
Այս ուղղությամբ կողմերը կարեւորեցին գալիք տարի Երեւանում նախատեսված Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձեւաչափով գագաթաժողովը եւ նախանշեցին վերջինիս նախապատրաստման աշխատանքները։
Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր։
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Կիպրոսի եւ Հունաստանի արտգործնախարարները վերահաստատեցին իրենց երկրների աջակցությունը Հայաստանին ամրապնդելու ԵՄ հետ հարաբերությունները, ինչպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Այս առնչությամբ Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես կարեւոր գործիք մարդկանց միջեւ շփումների եւ կապերի խթանման գործում:





























