Հայաստանում Չինաստանի դեսպանատունը սեպտեմբերի 26–ին ընդունելություն էր կազմակերպել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակի կապակցությամբ։
Ընդունելությանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Կառավարության այլ անդամներ, պատգամավորներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ–ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն հայտնեց երեկոյին մասնակցելու համար։
«70 տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը մշտապես պահպանել է «Չինաստանի ժողովրդի համար կառուցել երջանկություն, չին ազգին տալ վերածնունդ» առաքելությունը, միավորել ու առաջնորդել է երկրի յուրաքանչյուր ազգի, հաղթահարել բազում խոչընդոտներ, համառորեն ու խիզախաբար շարժվել առաջ՝ նոր կյանք տալով չին ժողովրդի 5000–ամյա պատմությանը։ Չինաստանի ՀՆԱ–ն գերազանցել է 13.6 տրիլիոն ԱՄՆ դոլարը՝ ավելանալով 174 անգամ. 2018թ.–ին մեկ շնչի հաշվով համախառն ազգային արդյունքն աճել է նախկին 70 ԱՄՆ դոլարից հասնելով 9732–ի։ 1979թ.–ից մինչեւ 2018թ.–ը ՀՆԱ–ն աճել է տարեկան միջինը 9.4 տոկոսով, ինչը գերազանցում է համաշխարհային տնտեսության միջին տարեկան 2.9 տոկոս աճը, իսկ ներդրումների միջին տոկոսադրույքը վերջին տարիներին աճել է 30 տոկոսով»,– ասաց նա։
Դեսպանն ընդգծեց՝ Չինաստանն այսօր 120–ից ավելի երկրների եւ տարածաշրջանների առեւտրային խոշորագույն գործընկերն է, 136 երկրների եւ 30 միջազգային կազմակերպությունների հետ ստորագրել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի փաստաթղթեր։ Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Թիան Էրլունը նշեց, որ չնայած երկու երկրների միջեւ առկա է տարածքային տարբերություն, սակայն, փոխհարաբերությունները սկսվում են դեռեւս մետաքսի ճանապարհից։
«1992թ.–ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները պահպանում են փոխադարձ հարգանքի, հավասար վերաբերմունքի եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները, երկկողմ բարեկամական համագործակցությունը զարգացել է առողջ եւ կայուն ձեւով։ Վերջին տարիներին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում հայ–չինական հարաբերությունները մուտք են գործել արագ զարգացման նոր փուլ։ 2 երկրների բարձրաստիճան հարաբերությունները հիմնական են, քաղաքական փոխադարձ վստահությունը՝ անընդհատ ու ամուր։ Չինաստանը երկար տարիներ հանդիսանում է Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերը, իսկ Հայաստանի ու Չինաստանի միջեւ առեւտրի ծավալը կազմում է ընդհանուր ծավալի 10 տոկոսը։ Հուլիսի դրությամբ հայ–չինական առեւտրային ծավալը հասել է 500 մլն ԱՄՆ դոլարի՝ տարեկան կտրվածքով աճելով 22.6 տոկոսով»,– խոսքը եզրափակեց դեսպանը։
Նշենք, որ 70–ամյակի կապակցությամբ Չինաստանի դեսպանությունը հրապարակել է հուլիսին Չինաստան այցելած 7 լրատվամիջոցների, այդ թվում նաեւ NEWS.am–ի, հոդվածների ժողովածուն։
































