Ես հիմա չեմ ուզում որեւէ պրոցես խրախուսել, որեւէ պրոցեսի զարկ տալ, որեւէ տարակարծության հիմքեր տալ, դրա համար ասում եմ՝ երբ կավարտվեն խմբակցությունում քննարկումները, իհարկե մինչեւ քվեարկությունը մեր դիրքորոշումը պարզ կլինի: Այս մասին, այսօր՝հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամի (Հրայր Թովմասյանի) լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը:

«Միանշանակ լինելու է իրավական գնահատական, որովհետեւ երբ անձնավորում են, ես հիշեցնեմ, որ երբ 2017 թվականին քննարկվում էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը, մենք դեմ էինք քվեարկել եւ այն փաստարկները, որ մենք այն ժամանակ բերել էինք, փաստացի այսօր են բերվում: Սակայն փաստաթուղթը անձնավորված չէ: Այն ԱԺ-ի կողմից որոշակի գործընթաց է, որը պետք է լինի բացառապես իրավական դաշտում եւ օրենսդրությանը համապատասխան»,-ընդգծեց Արման Աբովյանը:

«Երբ մեր իրավաբանները կտան ընդհանուր եզրակացություն, կլինի քննարկում, ըստ այդմ էլ մեր կարծիքը կասենք: Նկատի ունեմ մեր իրավաբաններին, մենք բավականին ուժեղ թիմ ունենք»,- հավելեց Արման Աբովյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քեարկելու այդ նախագծին: