Գիտնականների ամենաառաջնահերթ խնդիրը նորմալ չվարձատրվելն է։ Գիտնականները ստանում են խղճուկ աշխատավարձեր։ Գումարի պակասությունը վերաբերում է ոչ միայն աշխատավարձերին, այլեւ մյուս ծախսերին նույնպես, օրինակ՝ նյութերի, սարքավորումների, միջազգաին կոնֆերանսներին մասնակցելու համար եւ այլն, եւ այդ գումարները առհասարակ գերազանցում են աշխատավարձային ֆոնդը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի գիտնականը կարողանա նորմալ աշխատել եւ զբաղվել իր գործով, արդյունքներ ստանալ, հարկավոր է կտրուկ ավելացնել գիտությանը հատկացվող գումարը։ Գիտնականների աշխատավարձը պետք է բարձրացնել ոչ թե մի քանի հազար դրամով, այլ առնվազն 8-10 անգամ։
«Եթե համեմատենք այսօրվա աշխատավարձերը եւ գները, ապա մարդուն նորմալ գոյատեւելու համար ամսական պետք է ամենաքիչը 370-400 հազ. դրամ կամ 1000 դոլար, հատկապես եթե նա ընտանիքի տեր է»,-ասաց Ա. Սարգսյանը։ Նրա խոսքով՝ որպեսզի գիտնականի աշխատանքը առդյունավետ լինի, նա պետք է իր ամբողջ ժամանակը նվիրի այդ աշխատանքին։ Սակայն այսօր գիտնականների ստացած աշխատավարձերը նրանց չի տալիս միայն գիտությամբ զբաղվելու հնարավորությունը։
«Ես ավագ գիտաշխատող եմ, սակայն իմ աշխատավարձը կազմում է ընդամենը 35 հազ. դրամ, որը ծիծաղելի գումար է այսօրվա պայմաններում»,-ասաց Ա. Սարգսյանը։ Նրա խոսքով՝ արդյունքում գիտնականները ստիպված իրենց ժամանակը համարյա ամբողջությամբ ծախսում են այլ կերպ ապրուստի միջոց ձեռք բերելու համար, հեռանալով գիտությունից։
«Նման պայմաններում գիտնականներից շատերը կամ պարզապես իմաստ չեն տեսնում այս աշխատանքի մեջ կամ ուղղակի ստիպված կողքից նաեւ այլ գործերով են զբաղվում։ Իսկ նման կերպ գիտությունը առաջ տանելն ուղղակի անհնարին է»,-ասաց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ նման իրավիճակում շատ ու շատ գիտնականներ ուղղակի չեն կարողանում հետեւել գիտության համաշխարհային զարգացումների տեմպերին, իսկ արդյունքում մեր երկիրը հետ է մնում այդ զարգացումներից։
«Գիտնականը պետության երկարաժամկետ զարգացման գրավականն է, քանի որ նա է զարգացնում գիտությունը եւ նոր տեսություններ հայտնաբերում, որոնք հետագայում կիրառական նշանակություն են ստանում։ Եթե պետությունը չապահովի տեսությամբ զբաղվող գիտնականի նվազագույն սոցիալական-ֆինանսական կարիքները, ապա նրա գիտատեխնիկական պոտենցիալը, որը ժամանակակից պայմաններում պետության զորության հիմքն է, չի կարող զարգանալ։
Իսկ ինչ է իրականում տեղի ունենում այսօր։ Գիտությունը խթանելու եւ դրան աջակցելու անհրաժեշտության մասին կառավարության կողմից հնչող հայտարարությունների ֆոնի վրա արվում է ճիշտ հակառակը՝ պետբյուջեից գիտոթյանը հատկացվող գումարը, ռեֆորմների եւ «օպտիմիզացիայի» անվան տակ, իրականում կրճատվում է, որի պատճառով գիտական ինստիտուտները ստիպված աշխատակիցների նոր կրճատումներ են անում։ Այսպիսի բան տեղի ունեցավ հենց անցյալ տարվա վերջին։ Եթե այսպես շարունակվի, ապա իմ կանխատեսումը Հայաստանի գիտության վերաբերյալ ամենհոռետեսականն է՝ այն շուտով կմեռնի», - ամփոփեց Ա. Սարգսյանը։




























