Ութ ծրագրերի մեջ ներառված 15 միջոցառումների իրականացման համար նախատեսվում է գալիք տարում Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 12,77 մլրդ դրամ: Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնախան քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է 2020 թվականին Ոստիկանությանը հատկացնել 64,9 մլրդ դրամ՝ առանց հաշվի առնելու արտաբյուջետային միջոցները: «Նախատեսվում է, որ այս միջոցներով իրականացվելու է 10 տարբեր ծրագրերով 19 միջոցառում»,- պարզաբանեց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ հատկացված միջոցների զգալի մասը, ինչպես եւ նախկինում, ուղղվելու է հասարակական իրավակարգի ապահովմանը:

Դրանից բացի, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կարիքների ապահովման համար նախատեսվում է հատկացնել 34,5 մլրդ դրամ, նշեց նախարարը: «Շուրջ 31 մլրդ դրամ ուղղվելու է ազգային անվտանգության ապահովման ծրագրի իրականացմանը: Անցյալ տարվա համեմատությամբ՝ այս ոլորտում մեզ մոտ գրանցված է ծախսերի աճ»,- ասաց Ջանջուղազյանը: