«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ ալ Բաղդադիի՝ 2018 թվականի հունիսին կալանավորված կինը օգտակար տեղեկություն է հաղորդել, ինչի արդյունքում թուրք ուժայինները կարողացել են մի շարք ձերբակալություններ իրականացնել, տեղեկացնում է Ֆրանս պրես գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին։
Անունը չնշած թուրք պաշտոնյան գործակալությանն ասել է, որ ալ Բաղդադիի կինը իրեն անվանել է Ռաբիա Մահմուդ (Rabia Mahmoud), բայց իսկական անունը Ասմա Ֆաուզի Մուհամեդ ալ Քուբայսի է։ Ինչպես տեղեկացվում է, ուժայինները կնոջը՝ ահաբեկչի «առաջին կնոջն» ու 10 ազգականներին կալանավորել են 2018 թվականի հունիսի 2-ին թուրքական Հաթայ նահանգում, սիրիական սահմանից ոչ հեռու։ Նրանց թվում էր նաեւ ալ Բաղդադիի դուստրը։ Նրանց հարազատությունը հաստատվել է ահաբեկչի ԴՆԹ նմուշի հետազոտմամբ, որը տրամադրել են իրաքյան իշխանությունները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք կնոջ անձը բավական արագ պարզեցինք։ Այդ պահին նա ինքնակամ շատ տեղեկատվություն տրամադրեց ալ Բաղդադիի եւ ԻԼԻՊ ներքին աշխատանքի մասին»,- գործակալությանն ասել է աղբյուրը։
«Մենք կարողացանք հաստատել շատ բան, ինչի մասին արդեն գիտեինք։ Մենք նաեւ նոր տեղեկություններ ստացանք, որոնք թույլ տվեցին ամենուրեք ձերբակալությունների շարք իրականացնել»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ թուրքական անվտանգության ուժերը կալանավորել են «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ազգականների «երկնիշ թիվ»։ Մինչ այդ նա հայտարարել էր ալ Բաղդադիի կնոջ կալանավորման մասին, իսկ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հաստատել էր, որ կալանավորվել է ալ Բաղդադիի քույրը Սիրիայում թուրքական հակաահաբեկչական գործողության ընթացքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտարարել էր ալ Բաղդադիի ոչնչացման մասին։ Թրամփի խոսքով՝ ամերիկյան զինվորականների գործողության ընթացքում ահաբեկիչը պայթեցրել է մահապարտի գոտին, այնուամենայնիվ, ալ Բաղդադիին հաջողվել է «արագ եւ ճիշտ նույնականացնել»։ Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Ռուսաստանը ստույգ տեղեկություն չունի այն մասին, որ ամերիկյան զինվորականները ալ Բաղդադիի «հերթական» ոչնչացման գործողություն են իրականացրել։ Ռոյթըր գործակալությունը, հղում կատարելով իսլամիստների հետ կապված Amaq կայքին, տեղեկացրել է, որ ԻՊ-ը հաստատել է իր պարագլխի ոչնչացումը։





























