Հայաստանում 2011 թվականին արձանագրված բարձր գնաճի մեջ ամենամեծ «մեղքը» բաժին է ընկնում բուժսպասարկմանը: Գնաճին նպաստող ապրանքախմբերի վերաբերյալ տվյալները հրապարակվել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից` փետրվարի դրությամբ:
Այսպես` փետրվարին հունվարի նկատմամբ գրանցվել է 1.9 տոկոս գնաճ, որից 0.75 կետը բաժին է ընկնում հենց բուժսպասարկմանը:
Համեմատության համար նշենք, որ հացամթերքը այդ նույն ժամանակահատվածում գնաճին նպաստել է ընդամենը 0.45 տոկոսային կետով, բենզինը` 0.1 տոկոսային կետով, բանջարեղենը եւ կարտոֆիլը` 0.32:
Գրեթե ամեն ամիս բուժսպասարկման ոլորտում արձանագրվում է 5-6 տոկոս գնաճ, հիմնականում` հիվանդանոցային ծառայությունների մասով:
Հատկապես տագնապալից է վիճակը վիրաբուժական ծառայությունների մասով, որտեղ վերջին 1 տարում արձանագրվել է 29.9 տոկոս գնաճ, իսկ վիրաբույժների խորհրդատվական ծառայությունը թանկացել է մոտ 10 տոկոսով:
Մեր հարցումներին հիվանդանոցների վարչական մասից հիմնականում պատասխանում են, որ թանկացել է դեղորայքը, ինչն անդրադառնում է վիրահատությունների գների վրա: Սակայն ազգային վիճակագրական ծառայության տվյալները այս պնդումը չեն հաստատում: Պաշտոնական տվյալներով` դեղերի գները վերջին մեկ տարում գրեթե կայուն են` գնաճն ընդամենը 1.4 տոկոս է; Սակայն նշենք որ վիճակագրությունը հաշվի է առնում միայն 7-8 դեղամիջոցների գների շարժը` ամպիցիլին, վիտամին C, կորվալոլ, անալգին եւ այլն:
Բարեբախտաբար` բժշկական այլ ծառայությունների գները համեմատաբար քիչ են փոխվել: Պաշտոնական տվյալներով` այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ատամնաբուժական ծառայությունները թանկացել են 2.6 տոկոսով, ռենտգեն ծառայությունները` 3 տոկոսով, ախտորոշման կենտրոնները` 9.1 տոկոսով, առողջարանները` 1.5 տոկոսով:
Սամվել Ավագյան




























