Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին հայտարարել է վարչապետի պաշտոնի համար իր թեկնածությունը հանելու մասին: Նա երկրի նախագահ Միշել Աունին կոչ է արել խորհրդակցություններ անցկացնել նոր կառավարության ձեւավորման համար, հաղորդում է ՌԻԱ-ն:
«Լիբանանցիներին հայտարարում եմ, որ աջակցում եմ «մեկ այլ թեկնածու» կարգախոսին կառավարության ձեւավորման համար, որը կարդարացնի լիբանանցիների հույսերը եւ որում հատուկ տեղ կունենա լիբանանցի կինը… Իմ վերջնական եւ անշրջելի որոշումից հետո երկրի նախագահը երկրի ապագայի եւ բնակչության անվտանգության համար խորհրդակցություններ կանցկացնի նոր վարչապետ ընտրության համար: Նրան, ում կընտրեն, հաջողություն եմ մաղթում»,- ասվում է Հարիրիի հայտարարության մեջ, որը հրապարակել է LBC հեռուստաալիքը:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրով մեկ սկսված հակակառավարական ցույցերից հետո հոկտեմբերի 29-ին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Ցույցերը շարունակվում են՝ չնայած կառավարության հրաժարականին: «Ազգային շարժումները» շարունակում են ճնշում գործադրել երկրի ղեկավարության վրա՝ պահանջելով ձեւավորել նոր կառավարությունն ու քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնել:





























