Մինչ Կենտրոնական բանկն ու կառավարությունը ոչ այնքան հաջող փորձում են զսպել գների թռիչքաձեւ աճը` հորինելով ամենաֆանտաստիկ արդարացումներ ու լուծումներ, Ազգային վիճակագրական ծառայությունը յուրովի լուծել է այս խնդիրը:
Պետական այս մարմինը պարզապես փոխել է գնաճի հաշվարկման մեթոդը` ինչի արդյունքում գնաճը պաշտոնապես նվազում է մոտ 1 տոկոսով:
Գները դրանից, բնականաբար, որեւէ փոփոխություն չեն կրում, ազգաբնակչությունը ոչինչ չի շահում, սակայն կառավարությունը ստանում է այն, ինչ ցանկանում է:
Խնդիրը հետեւյալն է` ԱՎԾ-ն գնաճը հաշվարկում է 470 ապրանքների մասով: Յուրաքանչյուր ապրանքատեսակ գնաճում ունի իր կշիռը, ինչի հետեւանքով ապրանքների մի մասի գնի փոփոխությունը գնաճի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան այլ ապրանքի համահունչ փոփոխությունը: Հետեւաբար` փոխելով կշիռները, կարելի է ստանալ գնաճի բոլորովին այլ պատկերներ:
Հիմա այս ամենը կոնկրետ օրինակով: ԱՎԾ-ն նվազեցրել է հացամթերքի եւ բենզինի կշիռները, սակայն բարձրացրել է գազի ու մրգի կշիռը: Թե ինչով է դա պայմանավորված` տրամաբանական բացատրություն չկա: Քիչ հավանական է, որ հայաստանցիներն սկսել են ավելի քիչ հաց օգտագործել, կամ պակասում է ավտոմեքենաների թիվը: Սակայն գնաճի վերջնական արդյունքի վրա մեթոդական այս փոփոխությունը կարող է էական ազդեցություն թողնել:
Գաղտնիք չէ, որ հենց վառելիքի ու հացամթերքի շուկաներն են ներկայում դրսեւորում անկայուն վարքագիծ եւ գներն այստեղ ավելի արագ են աճում: Իսկ ահա գազի գինը բավական երկար ժամանակ կմնա կայուն: Հետեւաբար` մեթոդական մանիպուլյացիայի միջոցով գնաճն արհեստականորեն կնվազի:
ԱՎԾ-ն յուրաքանչյուր 5 տարին մեկ վերահաշվարկում է գնաճն ու ճշգրտում ապրանքային կշիռները: Յուրաքանչյուր անգամ, տարօրինակ զուգադիպությամբ, այդ վերահաշվարկների արդյունքում գնաճը նվազում է, իսկ գները` աճում: Այդպես եղավ 2005-ին, երբ ԱՎԾ-ի շնորհիվ գները հանկարծ կայունացան: Սակայն այսպիսի մեթոդական աճպարարությունները միայն ժամանակավոր արդյունք են տալիս: Շատ ավելի էական է, որ Կենտրոնական բանկը չի տիրապետում գները կարգավորելու արդյունավետ մեթոդների: Միայն այդ խնդիրը լուծելու դեպքում կարելի է հուսալ, որ գնային կայունություն կլինի:
Ճիշտ է` այս տարի սպասվում է գյուղատնտեսական բարձր բերք, ինչի հետեւանքով գնաճի տեմպը կնվազի: Սակայն եթե մեր հույսը եղանակն է ու Աստված, արժե՞ արդյոք կենտրոնական բանկի նման մի հսկայական գերատեսչություն պահել:
Սամվել Ավագյան



























