«Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանն արձագանքել է ՀԱԿ-ի ապրիլի 8-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում իրեն ուղղված «մեր պատասխանը Չեմբեռլենին» արտահայտությանը:

«Սարդարապատը» ներկայացնում է Ժիրայր Սեֆիլյանին լրատվամիջոցների կողմից ուղղված հարցը եւ տրված պատասխանը։

Պարոն Սեֆիլյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքի ժամանակ, մասնավորապես այդ ելույթում Ձեզ վերաբերող հատվածը։

Հարցումի առաջին մասին կպատասխանեմ հակիրճ: Որպես ընդդիմադիր ամենամեծ բեւեռի առաջնորդի ելույթ`այն գնահատում եմ որպես խիստ պարտվողական:

Իսկ ինչ վերաբերում է ինձ ուղղված հատվածին, կասեմ հետեւյալը։

Իմ վերջին` մարտի 30-ի ասուլիսի նախօրյակին Լեւոն Զուրաբյանը բարձրաձայնել էր, որ մինչեւ ապրիլի 8-ը իրենք պատրաստ են լսել ցանկացած առաջարկություն ՀԱԿ-ի գործունեության կամ գործողությունների վերաբերյալ: Իմ առաջարկության փաթեթը եղել է հենց այդ  տրամաբանության համատեքստում եւ Տեր-Պետրոսյանի հիշատակած միտքը եղել է ընդամենը մեկ առանձնացված կետ այդ փաթեթից:

Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես հանրահավաքների ժամանակ բեմահարթակից տարբեր գործիչներ, ներառյալ Տեր-Պետրոսյանը, ժողովրդի կողմից ինքնաբուխ հնչեցված «ՀԻՄԱ» բացականչությունների նկատմամբ կիրառել են ճնշում եւ լռեցնելու փորձեր, որոնք  պսակվել են հաջողությամբ:  Կարծում եմ «Լեւոն Նախագահ» «ինքնաբուխ» բացականչությունը եւս հանգիստ կարելի էր լռեցնել հենց Տեր-Պետրոսյանի կողմից, խնդրելով ժողովրդին, որ մինչեւ այն ժամանակը, երբ չի վերացել բռնապետությունը՝ հանուն դիմադրական ընդհանուր գործին ավելի լայն զանգվածների համախմբման ու ներգրավման, լավ կլինի չհնչեցնել այս կարգախոսը: Առավել եւս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ի սկզբանե համաժողովրդական շարժմանն աջակցող ժողովրդի հետ ուներ պայմանավորվածություն, որ վերջինս իրեն օգտագործի որպես ավազակապետության կազմաքանդման «ԳՈՐԾԻՔ»։

Եվ վերջապես, իշխող ռեժիմին ուղղված պարտվողական դիմումների փոխարեն, շատ ավելի լավ կլիներ, որ ենթատեքստ ունեցող ուղերձներ ուղղվեին չգիտես ինչու արդեն մոռացված «թաթար-մոնղոլական ավազակապետության» պարագլուխներին, եւ ոչ թե գործընկերներին, որոնք պայքարել եւ պայքարելու են այս ռեժիմից օր առաջ ազատվելու համար:

Բռնապետության դեմ պայքարի ներկա փուլում ինձ համար անընդունելի է ընդդիմադիր գործիչների կողմից իրար նկատմամբ հրապարակային որեւէ հեգնանք, առավել եւս անհանդուրժողականության ցանկացած դրսեւորում։ Եվ բոլորովին այլ բան է հրապարակայնորեն բանավիճել քաղաքական, գաղափարական ու մարտավարական հարթություններում:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Ազատության հրապարակում «Լեւոն նախագահ» բացականչությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Լեւոն նախագահ» մի վանկարկեք, Ժիրայր Սեֆիլյանը դեմ է դրան»: Ի պատասխան, հանրահավաքի մասնակիցներն ավելի բարձր են սկսել վանկարկել, որից հետո ՀԱԿ առաջնորդն ասել է. «Մեր պատասխանը Չեմբեռլենին»: