Պաշտոնական տվյալներով` 5 տարիների ընթացքում (2006-2010թ) 100 հազար շների նկատմամբ գործողություններ է կատարվել, մասնավորապես, 70 հազար շուն ոչնչացվել է, 30 հազարը` ստերջացվել եւ վերադարձվել: Այսօր` ապրիլի 12-ին այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Propose» կենդանիների պաշտպանության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը` միաժամանակ շեշտելով, որ այս թվերը իրականությանը չեն համապատասխանում:
«Իրավիճակը ճիշտ հակառակն է, քան պաշտոնական տվյալներն են»,- ասաց նա: Նարե Արամյանի խոսքով` եթե իրականում Երեւանում ստերջացված լիներ 30 հազար շուն, ապա չէինք կարող հիմա գտնել չստերջացված շուն, մինչդեռ իրենք չենք կարողանում գտնել գոնե մեկ ստերջացված շուն:
«Այդ քանակության շուն չկա նույնիսկ Հնդկաստանում: Հարց է առաջանում, թե այդքան շուն որտե՞ղ է թաղվել, քանի որ դա լուրջ էկոլոգիական խնդիր է»,- ասաց բանախոսը:
Նարե Արամյանի կարծիքով`շների քանակն ավելացել է, իսկ տեսակը` ագրեսիվացել, ինչի միակ մեղավորը քաղաքապետարանն է: «Նրանք չեն ցանկանում խնդիրը լուծել, որովհետեւ եթե այդ խնդիրը լուծվի այլեւ հնարավոր չի լինի ամեն տարի պետբյուջեից կես միլիոն դոլարին համարժեք դրամ դուրս գրել` շներին ոչնչացնելու համար»,- ասաց «Propose» կենդանիների պաշտպանության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը:





























